Թե ինչպես Կռճիկյանը դարձավ Աճառյան

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Թե ինչպես Կռճիկյանը դարձավ Աճառյան
Քչերին է հայտնի որ Հրաչյա Աճառյանի ազգանունը Կռճիկյան է եղել, իսկ թե ինչպես Հրաչյա Կոճիկյանը դարձավ Հրաչյա Աճառյան ստորեւ

«Մահմեդականներն ազգանուն չէին ճանաչում,- գրում է Հրաչյա Աճառյանը,- այդպես էին թուրքերը, պարսիկները, արաբները։ Նրանք գիտեին միայն անուն եւ հայրանուն, նույնիսկ անձնագրում միայն երկուսն էր գրվում: Դպրոցներում էլ այդպես էր։ Սամաթիայի դպրոցում ես կրում էի Հրաչյա Հակոբ անունը, երբեմն էլ գրում էին Հրաչյա Հակոբյան:

Մի օր հոգաբարձությունը ներկայացավ եւ բոլոր աշակերտներիս կարգադրեց տուն գնալ եւ ազգանուն բերել։ Ազգանվան գաղափարը նոր լինելով` շատերը չգիտեին ինչ անել, եւ, հին սովորույթի համաձայն, ազգանուն կազմեցին իրենց պապի անունից։ Ես թեև փոքր էի, բայց անունով ազգանուն չէի սիրում, պապիս անունն էր Հարություն, ուստի հայրս առաջարկեց գրել Հարությունյան: Մերժեցի: Հորաքույրս ասաց, թե մեր նախնիները կոչվել են Հյուպրյուք օղլու, այդ անունն էլ չսիրեցի։ Հյուպրյուքյան ձեւը ինձ դուր չեկավ»:

Այն ժամանակ Կոստանդնուպոլսում հայերը ազգանուն բառը չէին գործածում, դրա փոխարեն ասում էին մականուն կամ թուրքերեն` լաղապ, ուստի Աճառյանը որոշում է իր ազգանունը կազմել հոր մականունից կամ, ինչպես այն ժամանակ էին ասում՝ ծաղրանունից։

Լեզվաբանի հորը ընկերական շրջապատում ասում էին Կռճին Ակոբ։ Աճառյանին շատ է դուր գալիս այդ անունը եւ հոր մականունից կազմում է Կռճինյան ազգանունը։ Ազգանունը որոշված էր, բայց երբ ներկայանում է եւ ցանկանում հանդես գալ Կռճինյան ազգանունով` մերժում են, պատճառաբանելով, որ այդպիսի բառ գոյություն չունի։

Ստիպված փոխում են վերջին տառը եւ գրում Կռճիկյան, «Այդ անունով հայտնի էր այն ժամանակ Անդրանիկ բեյ Կռճիկյաննը,- շարունակում է Աճառյանը,- նա սամաթիացի էր, եւ եղել է առաջին անգլիախոս հայը Կոստանդնուպոլսում: Այսպիսով, իմ անունը արձանագրվեց Հրաչյա Կռճիկյան` մինչեւ իմ շրջանավարտ լինելը։

Բայց իմ ընկերները անունս խեղաթյուրելով եւ կատակելով` ասում էին կռճիկ, մռճիկ, տռճիկ։ Դրանից ձանձրացած, երբ Կեդրոնական մտա, ուզեցի փոխել իմ ազգանունը եւ «կռճիկ» բառը գրաբարի վերածելով` դարձրի Աճառյան Այս անունով ոչ մեկին չեմ պատահել։ Միայն մի անգամ լրագրում կարդացել եմ, որ Բերայի հոգաբարձուներից մեկը, ով եկեղեցու կղմինդրներն էր գողացել, կոչվում էր Հակոբ էֆենդի Աճառյան, իսկ նա իր ազգանունը սարքել էր Սապոնճյան բառից` թարգմանաբար»։э

Աճառյան ազգանունը ընտրելուց հետո հիմա էլ Կեդրոնականի ընկերներն են սկսում կատակել, ասելով՝ աճառ, պաճար, վաճառ, տաճար, հանճար, կաճառ: Վերջինը՝ կաճառը, նշանակում է «ակադեմիա» (արեւմտահայերը մինչեւ այժմ էլ այդ բառն են գործածում), եւ, իրոք, մեծ հայագետի կյանքի վերջին հանգրվանն էլ եղավ Հայկական ակադեմիան:

Մանուշակ Շիրինյան

Նյութը՝ Հայտնի Մարդկանց Շարքից ֆբ էջից