Դվինը եղել է հայկական գեղեցիկ քաղաքներից մեկը․ Իսկ ի՞նչ է նշանակում Դվին

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

ԴՎԻՆ
Միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Դվինը գտնվում էր Այրարատ նահանգի Ոստան հայոց գավառում, Նրա հողածածկ ավերակները տարածվում են Արտաշատի շրջանի Վերին Դվին, Ներքին Դվին, Հողաբերդ, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բզովան, Այգեստան գյուղերի, իսկ արվարձանները՝ Կանաչուտ, Այգեզարդ գյուղերի սահմաններում:Դվինը հիմնադրել է հայոց Խոսրով Կոտակ թագավորը չորրորդ դարի 30-ական թվականներին, Հայ Արշակունի թագավորական գահատոհմի անկումից հետո Դվինը դարձել է մարզպանական Հայաստանի կենտրոնը։ Գյուտ հայրապետի օրոք (461—478) կաթողիկոսական աթոռը Էջմիածնից փոխադրվել է Դվին: Քաղաքը եղել է արհեստագործության ու առևտրի հռչակավոր կենտրոն:

Յոթերորդ դարի մեծանուն գիտնական Անանիա Շիրակացին հավաստում է, որ Դվինից սկիզբ են առել վեց մայրուղիներ։ Քաղաքն աշխույժ առևտրական կապեր է ունեցել շատ երկրների, այդ թվում նաև Վրաստանի հետ, որի համար էլ Դվինի դռներից մեկը կոչվել է Տփխիս:

Դվինում եղել են աղետաբեր երկու մեծ երկրաշարժեր: Պատմիչ Մովսես Կաղանկատվացին գրում է, որ 869 թվականի երկրաշարժից Դվինում զոհվել է 120 հազար մարդ: Ավելի սոսկալի է եղել 893 թվականի երկրաշարժը, որից կործանվել է Դվինը:
Օտար շատ նվաճողներ են մտել Դվին: Վերջնականապես կործանվել է 1225 թվականին, Ջալալ էդ Դինի արշավանքների ժամանակ:
Դվինը եղել է հայկական գեղեցիկ քաղաքներից մեկը:

Պահպանվել են չորրորդ դարում կառուցված Արշակունի թագավորների պալատի արքայական գահասրահի ավերակները: Դվինի ամենանշանավոր շինությունը եղել է հեթանոսական տաճարի տեղում չորրորդ դարի սկզբին կառուցված մայր տաճարը, որը վերակառուցվել է յոթերորդ դարում և ավերվել տասներեքերորդ դարում: Քաղաքի գլխավոր շուկան ունեցել է երեք ներքին փողոց և վեց շարք իջևան-խանութներ:

Այն զարդարված է եղել սյունաշարերով: Դվինում եղել է երկաթի ձուլարան: Դվինցիները արտադրել են նետասլաքներ, նիզակներ, տեգեր, դաշույններ, սրեր, շղթաներ, ուրագներ, կացիններ, մկրատներ, բաղնիքի ջրատար-խողովակներ, կաթսաներ, սափորներ, թասեր, ապարանջաններ, ուլունքներ, մատանիներ, ականջօղեր, բազմատեսակ սկահակներ: Ծաղկուն շրջանում Դվինում արտադրվել է 1001 տեսակ իր ու առարկա:

Իսկ ինչո՞ւ է կոչվել Դվին, ի՞նչ է նշանակում Դվին: Պատմիչ Փավստոս Բուզանդը ասում է, թե Դվինը բլրի անուն է:
Իսկ Պատմահայր Մովսես Խորենացին գրում է, թե Հայոց Խոսրով Կոտակ թագավորը «արքունիքը փոխադրում է անտառից վերև մի բլուրի վրա և շինում է արևից պատսպարված ապարանք. այս տեղը պարսկերեն կոչվում է Դվին, որ նշանակում է բլուրն»։

Հետագայում` բանասերները, Մովսես Խորենացուն հակադրվելու համար, պրպտել են պարսկերենը և գտել, որ պարսկերենում` դվին բառ չկա: Բայց ահա բանասեր Նորայր Բյուզանդացին կելտերեն լեզվի մեջ հայտնաբերել է դուն բառը, որ նշանակում է բլուր: Իսկ կելտերենը հնդեվրոպական լեզու է, ինչպես պահլավերենը՝ այսինքն Մովսես Խորենացու ժամանակ խոսվող պարսկերենը: Հետևապես Խորենացին ճիշտ է ստուգարանել Դվին բառը:

Հայկ Խաչատրյան «Հայկական տեղանվանապատում»

Նյոթը՝ Անտես-աննման աշխարհ ֆեյսբուքյան էջից