Պրոյեկտիվ մեթոդ, հոգեդիագնոստիկ մեթոդ՝ նախատեսված անձի հետազոտության համար, որին մեծապես բնորոշ է անձի գնահատման ամբողջական մոտեցում, այլ ոչ թե առանձին գծերի դուրս բերում։
Պրոյեկտիվ, անհատական թեստերը սկզբնապես նախատեսված են եղել կլինիկական հոգեբաններին օգնության համար բնավորության և հուզական խանգարումների ախտորոշման մեջ։
Նրանց համար հիմք է ծառայել Զիգմունդ Ֆրոյդի տեսության այն դրույթը, որի համաձայն՝ չգիտակցված գործընթացները կարևոր են հոգեպաթոլոգիայի հասկացման համար։ Հետևաբար, պրոյեկտիվ գնահատման նպատակը անձի չգիտակցված կոնֆլիկտների, նրա վախերի և անհանգստության աղբյուրների բացահյտումն է։
«Պրոյեկտիվ մեթոդ» տերմինն առաջադրել է Լ. Ֆրանկը այն մեթոդների անվանման համար, որոնցում փորձարկվոեղին տալիս են անորոշ ազդակներ, որոնց բովանդակությունը չի ենթադրում հստակ, տվյալ մշակույթով պայմանավորված պատասխաններ։
Այսպիսի մեթոդները թույլ են տալիս մարդկանց անորոշ նյութի վրա պրոյեկտել իրենց հույզերը, պահանջմունքները, դիրքորոշումները։
Ենթադրվում է, որ թեստային ազդակներին տրված պատասխաններում հայտնաբերվում են անձի պաշտպանական մեխանիզմները, ճնշված իմպուլսները, «ներքին» ասպեկտները։
Պրոյեկտիվ բոլոր թեստերը առանձնանում են մի շարք կարևոր առանձնահատկություններով։
Բոլորը ներառում են անորոշ կամ չկառուցվածքավորված թեստային ազդակներ։ Հետազոտողը երբեք չի հաղորդում փորձարկվողին թեստավորման իրական նպատակների մասին՝ չնշելով նաև պատասխանների մեկնաբանման առանձնահատկությունները։
Հրահանգներում ընդգծվում է, որ ճիշտ կամ սխալ պատասխաններ այստեղ չեն կարող լինել, և փորձարկվողն իրավունք ունի պատասխանել այնպես, ինչպես ցանկանում է։
Նրա պատասխանների հաշվարկը և մեկնաբանումը հիմվում է նշանակալից չափով հետազոտողի սուբյեկտիվ դատողությունների վրա՝ արտացոլելով նրա կլինիկական փորձը։
Այսպիսով, պրոյեկտիվ մեթոդներում ապահովվում է առաջադրանքի իմաստի քողարկվածությունը։ Ըստ համապատասխան
Հրահանգի և վերջնանպատակի կապը միանշանակ չէ, անորոշ է։ Պրոյեկտիվ մեթոդներում պատասխանները սահմանափակ չեն և անմիջականորեն բխում են անձի անհատականությունից, հուզականությունից, ընկալումից, կենսափորձից և այլն։
Հոգեդիագնոստիկ մեթոդների այս խումբն ունի կիրառության լայն բնագավառ և նախատեսված են տարբեր տարիքային խմբերի հետազոտման համար։
Թեև ապահովում են մեկնաբանման մեծ հնարավորություններ և համարվում առավել օբյեկտիվ, այնուամենայնիվ, պահանջում են մասնագիտական մեծ փորձ, մեթոդիկաների տիրապետման հմտություններ և կարողություններ։