Ասում են, որ Վիլյամ Սարոյանը եղել է հրեատյաց: Հրեաների և հայերի բարդ հարաբերությունների մասին Սարոյանը գիտեր դեռ մանկուց: Երբեք չէր կարողանում մոռանալ մանկության իր այս հուշը: Տասներկու տարեկան էր, երբ հրեական մի խանութի ցուցափեղկին տեսավ մեծ տառերով գրված «Զեղչ»:Ուրախանալով` ավելի մոտեցավ և նկատեց, որ շատ ավելի փոքր տառերով գրված էր` «Հայերին մուտքն արգելվում է»: Սարոյանի կինը` Քերոլ Մարկուսը հրեա էր, ինչը Սարոյանը բացահայտեց ամուսնությունից տարիներ անց: Չնայած բոլոր տարաձայնություններին և վեճերին` 1943 թվականի փետրվարյան ձնառատ մի օր, նրանք ամուսնացան:Քերոլն արդեն հղի էր: Սարոյանը զինվորական ծառայության մեջ էր, երբ 1943 թվականին լույս աշխարհ եկավ նրա առաջնեկը: Ծնողները նրան Արամ կոչեցին. դա Սարոյանի ամենասիրելի հայկական անունն էր: 1946 թվականին ծնվեց Վիլյամի և Քերոլի դուստրը, ում տվեցին Լյուսի անունը` ի հիշատակ Սարոյանի տատիկի: Սարոյանին կնոջ հետ հաճախ կարելի էր հանդիպել Չառլի Չապլինի և Օոնա Օ’նեիլի հետ, ով Քերոլի մանկության ընկերուհին էր:
Քերոլը համարձակություն չէր գտնում Սարոյանին հայտնելու իր ազգային պատկանելության մասին, լավ գիտակցելով, որ ամուսինը չէր ների իրեն: Շատ անգամներ էր փորձել ասել նրան, սակայն անմիջապես հիշում էր Սարոյանի խոսքերը. «Ոչինչ աշխարհում չի կարող մեզ բաժանել, եթե իհարկե հրեա չես»: Տարիներ անց, Կարնեգի Հոլլ համերգասրահում, մի կին ճանաչելով Սարոյանին, մոտենում է նրան ու ներկայանում, որպես Քերոլի մոր «cousin»:Սարոյանը ցնցված էր, քանի որ նրա դեմքից պարզ երևում էր, որ հրեա է: Այստեղ Սարոյանը բացատրություն է պահանջում Քերոլից, ու նա խոստովանում է իր հրեական ծագումը:
Ճշմարտությունը բացահայտելուց հետո Սարոյանը լքեց կնոջն ու երեխաներին: Նրանց ամուսնությունը տևեց մոտ վեց տարի:
Սարոյանը նույնիսկ փորձեց կնոջից վերցնել երեխաներին և նրանց դաստիարակությունը վստահել Թագուհուն: Սակայն ապարդյուն: Քերոլը ոչ միայն գեղեցիկ, այլև խելացի կին էր: Նա հանդիմանեց ամուսնուն և ամեն գնով վերադարձրեց երեխաներին: