Հենց այդ գործունեությունն էր, որ պատճառ դարձավ բանաստեղծի մահվան․ Իմ գերեզմանին դուք չմոտենաք…

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Իմ գերեզմանին դուք չմոտենաք… 1920 թվականի հունվարի 7-ին Օրենբուրգում մահացավ մեծ բանաստեղծ, մինչև վերջ չգնահատված ու չարժևորված հասարակական ու քաղաքական գործիչ Վահան Տերյանը։ Նա 35 տարեկան էր։ Չնայած իր կարճ կյանքին, այնուամենայնիվ,Վահան Տերյանը հասցրեց ապրել, զգալ, ստեղծել, արարարել մի քանի կյանքի չափ։ Ջավախքի Ախալքալաքի գավառի Գանձա գյուղի քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքի 11-րդ զավակը սովորեց Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետև Մոսկվայի համալսարանում։
1908-ին Թիֆլիսում լույս տեսավ Վահան Տերյանի «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որի ունեցած հաջողությունը շատ պատկերավոր ներկայացնում է գրող Ստեփան Զորյանը. «Նա հրապարակ իջավ միանգամից որպես վարպետ։ «Մթնշաղի անուրջները» ավելի ջերմ ընդունելիություն գտավ երիտասարդության կողմից, մի կարճ միջոցում Տերյանն ունեցավ հետևորդների մի ամբողջ բազմություն։ Իսկ երկրպագուներին թիվ չկար։ Պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները, ամենուրեք՝ երեկույթներում, ընտանիքներում, ընկերական շրջաններում արտասանում էին Տերյանի սոնետներն ու էլեգիաները։ Սկսվել էր պարզապես Տերյանական շրջան, Տերյանի էպոխա։

Օդը լիքն էր Տերյանով. երիտասարդության խոսակցության նյութն ամեն տեղ նրա բանաստեղծություններն էին, իսկ ընկերների ու սիրահարների սրտագին նվերը միմյանց՝ «Մթնշաղի անուրջները»»։ Որքան անկեղծ է Զորյանը` «պահ մի մոռացվեցին մեր անվանի բանաստեղծները» ասելով, ու որքան ճշմարիտ։ Իրոք որ, Տերյանը կարող է մոռացնել տալ մյուսներին, քանի որ նա պոետ է բառի ամենաիսկական իմաստով։ Նա էսթետ է իր ընտրած թեմաների, դրանց փիլիսոփայության, մատուցման, ճաշակի, չափավոր զգացմունքայնության ու, որ ամենակարևորն է` լեզվամտածողության առումով։ 1916-ին իր հոդվածներից մեկում Վահան Տերյանը համարձակորեն հայտարարել է.

«Մեր գրականությունը սկզբից մինչ մեր օրերը գավառական, կիսագյուղական գրականություն է եղել»։ Հայտարարել ու իր գրականությամբ աշխարհին ներկայացել է որպես ազգային մտածողությամբ, բայց եվրոպական ճաշակով ու համամարդկային հնչեղությամբ պոետ։ 29 տարեկանում, երբ սովորական մարդիկ նոր-նոր կողմնորոշվում են իրենց մասնագիտության հարցում կամ առաջին քայլերն են անում դեպի մեծ կյանք, Տերյանն այդ տարիքում տալիս է Հոգևոր Հայաստանի իր սահմանումը` սեփական ժողովրդին մղելով ինքնաճանաչման։ Իր «Հոգևոր Հայաստան» հոդվածում Տերյանը գրում է. «Չպետք է ծույլերի հոգեբանությամբ հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա. չպետք է մեզ կերակրենք այն հավատով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի:

Չպետք է կամենանք մեր հույսը և ապագան նյութական Հայաստան գաղափարի վրա հիմնել, այլ պիտի տենչանք ու աշխատենք Հոգևոր Հայաստանի համար»: Հարյուր տարի առաջ գրված այս հոդվածը տառ առ տառ մեր այսօրվա մասին է։ Սա մարգարեական տրակտատ է, մի ուղեցույց, որ բանաստեղծը գրել է իր ազգի համար` թելադրելով նրան իր հետագա բոլոր քայլերը, բոլոր շրջադարձերը, մատնանշելով փակուղիները ու բացահայտելով ճիշտ ճանապարհները։ «Մեր երկիրը ավերակների երկիր է, ավերված մի Հայրենիք, որ մենք այսօր կամենում ենք կենդանացնել, որին կամենում ենք նոր կյանքի կոչել: Մեր Հոգևոր Հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է, և այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն ոգևորություն է հարկավոր:

Քննեցեք ձեր սիրտը և նայեցեք, թե կա՞ արդյոք այնտեղ հավատ, որով պիտի կենդանանա մեր այդ Հոգևոր Հայաստանը. եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը նյութական Հայաստանի համար… Նա չի կենդանանա: Նա հոգո՛վ միայն կարող է կենդանի լինել»,- նախազգուշացրել է մեծ բանաստեղծը։ Մեկ այլ ընդարձակ թեմա է Վահան Տերյանի հասարակական և քաղաքական գործունեությունը, որը, կարելի է ասել, լիովին ուսումնասիրված ու բացահայտված չէ։ Բայց մի բան հաստատ է. հենց այդ գործունեությունն էր, որ պատճառ դարձավ բանաստեղծի մահվան։ 1916-ին, երբ Տերյանի մոտ ի հայտ եկավ թոքախտը, նա Կովկասում կիսատ թողնելով բուժումը` մեկնեց Պետերբուրգ, հավատալով ու միանալով հեղափոխությանն ու դրա առաջնորդներին։

Երեք տարի ինքնամոռաց ու անձնուրաց աշխատելուց հետո` լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք ստացավ` մեկնել Թուրքեստան։ Այս գործուղումը դարձավ վերջինը ու ճակատագրականը։ Այս ճամփորդությանը Տերյանին մենակ չի թողնում կինը` Անահիտ Տերյանը, որն այդ ժամանակ արդեն հղի էր։ Նրանք Մոսկվայից գնացք են նստում 1919-ի հոկտեմբերի 13-ին։ Ճանապարհին կտրուկ վատանում է բանաստեղծի առողջական վիճակը։ Կինը առաջարկում է կանգ առնել Օրենբուրգում` իրենց ծանոթ Օհանյանների մոտ: Հիվանդությունից ու ցավերից տանջված Տերյանը համաձայնում է կնոջ հետ՝ ասելով. «Ինչ ուզում ես արա, միայն ինձ մահից փրկիր»: «Օրենբուրգ մենք գնացինք սահնակով: Երբ հասանք, նա համարյա անզգա էր, սակայն տնային հարմարավետ պայմանները, ընտանիքի ջերմությունը նրան վերակենդանացրին: Նա աշխուժացավ, և երեկոյան բոլորս նստել թեյում, պարզ ու սիրալիր խոսակցում էինք:

Դեկտեմբերի 20-ի օրը մինչև երեկո նա իրեն լավ էր զգում: Սենյակում դաշնամուր էր դրված: Ստիպեց ինձ ամբողջ օրը նվագել: Դեկտեմբերի 21-ին անկողին ընկավ և այլևս վեր չկացավ», — հիշում է Անահիտ Տերյանը։ Թեև բանաստեղծին բժշկական օգնություն էին ցույց տալիս մի քանի բժիշկ, այնուամենայնիվ նրա առողջական վիճակը օր օրի վրա վատթարանում էր։ Վերջին կոնսուլիումից հետո բժիշկները հայտնում են, որ ոչինչ այլևս հնարավոր չէ անել։ Վահան Տերյանի վերջին օրերի ու ժամերի մասին մանրամասն շարունակում է պատմել կինը. «Ամբողջ գիշեր` հունվարի 6, լույս 7, նա չքնեց բնավ… Ոտքերն ու ձեռքերն արդեն փայտացել էին, խնդրեց տրորել: Զարմանալի կերպով հանգիստ էր նա այդ միջոցին: Արցունքները գլոր-գլոր թափվում էին իմ աչքերից: Տեսնելով այդ` Վահանը խնդրեց լաց չլինել և ապա հարցրեց. «Ի՞նչ ես կարծում, ու՞մ է դժվար․ նրան` ով մեռնո՞ւմ է, թե՞ մերձավորներին, որ կենդանի են մնում…»: Մարմինը բոլորովին սառեց: Ոչինչ չէր կարողանում ընդունել, դժվարությամբ էր խոսում… Չնայած այդ բոլորին` անվերջ ասում էր. «Գնանք, շուտով Մոսկվա գնանք…»:

Կամֆորայի սրսկումից հետո շուրջ երկու ժամ նա գիտակցում էր: Նկատելի աշխուժացավ, ասես գերբնական մի զվարթություն եկավ վրան, ու ցավերը մեղմացան: Ապա ինձ խնդրեց մոտը հանգիստ նստել, լաց չլինել ու չհեռանալ: Հանդարտ նստեցի կողքին, ինքը խաղաղ ու անդորր պառկեց: Թափառող հայացքով ինչ-որ բան էր փնտրում օդի մեջ. վերջին պահին կիսով չափ բարձրացավ և «Ու՞ր է իմ պորտֆելը, ես ընկնում եմ», — ասաց ու փակեց աչքերը»: Վահան Տերյանին թաղում են Օրենբուրգում։ Սակավամարդ թաղումից երկու ամիս անց միայն Հայաստանում իմանում են մեծ պոետի մահվան մասին։ Մարտ ամսի սկզբներին «Մշակն» իր «Վերջին տեղեկություններ» բաժնում տպագրում է. «Հաստատ աղբյուրից հաղորդում են, թե բանաստեղծ Վահան Տերյանը վախճանվել է»:

1940 թվականին գրականագետ Սաքո Սուքիասյանի ջանքերով Օրենբուրգի այն տան պատին, որտեղ իր վերջին օրերն է ապրել մեծ բանաստեղծը, մարմարե ցուցանակ են փակցնում` ռուսերեն և հայերեն գրառմամբ. «Այս տանը իր կյանքի վերջին օրերն է ապրել հայ բանաստեղծ Վահան Տերյանը: Անդամ ՀԿ(բ)Կ և ՀԿԳԿ»: Գերեզմանի տեղը գրականագետը չի կարողանում գտնել. ոչ ոք չի հիշում կոնկրետ վայրը։ Այստեղ էլ մարգարեական է դառնում Տերյանի դեռևս 1904 թվականին գրած բանաստեղծությունը. Իմ գերեզմանին դուք չմոտենաք, Հարկավոր չէ ինձ ոչ ծաղիկ, ոչ սուգ, Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ, Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք: Իմ գերեզմանը թող լինի հեռվում, Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն. Թող շուրջս փռվի անանց լռություն, Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան:

1964-ին Օրենբուրգի քաղաքային իշխանությունը Երևանից Օրենբուրգ է հրավիրում Վահան Տերյանի դստերը` Նվարդ Տերյանին։ Նվարդը նախկին գերեզմանոցի տարածքից հող է վերցնում ու բերում Հայաստան: Ինչն էլ Պանթեոնում դառնում է հիմք` բանաստեղծի շիրմի համար։ Այս կերպ Տերյանը կրկին մոտենում է մեզ ու Հոգևոր Հայաստանի սրտին։ Այն սրտին, ինչի մասին գրել է Չարենցը. «…Եվ նորից կզգանք, որ Մեր սրտին դու մո՛տ ես Մորմոքող հրի պես մեր Հիվանդ արյան, Որ լուսե երգին քո մեր Հոգին կարոտ է, Օ՛, հեռու ընկեր իմ, օ՛, Վահան Տերյան…»: