Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, տոլմա և Զորավար Անդրանիկի մասին երգեր.Իսպանահայկական արմատներով ֆրանսիացի հանճարեղ կատակերգակ դերասան Լուի դը Ֆյունեսը սիրում էր սպաս, տոլմա և Զորավար Անդրանիկ-ի մասին երգեր։ Այս մասին ծավալուն հրապարակում էր պատրաստել «Диалог и Дело» հասարակական կազմակերպությունը, որը վերահրատարակել էր russia-osoboe-mnenie.ru կայքը:
Լուի դը Ֆյունեսի որդին՝ Օլիվիեն, իր հուշերում գրում է. «Նա իսկական արիստոկրատ էր, ով ամբողջ կյանքում սիրեց միայն իր կնոջը, ձուկ որսաց և վարդեր աճեցրեց։ Նա այդպես էլ չսիրեց աղմկոտ, ձանձրալի ամենօրյա կյանքը։ Նա ասես ապրում էր իր աշխարհում և աշխատում էր, որ այդ աշխարհին ոչ ոք չդիպչի։
Դերասանի անունով է կոչվում նույնիսկ ֆրանսիական ծաղկաբուծական ընկերություններից մեկի ստեղծած վարդի նոր տեսակը՝ վառ նարնջագույն, սուր հոտով մի ուրախ ծաղիկ, որը ոսկե մեդալների է արժանացել զանազան ծաղկային ցուցահանդեսների ժամանակ»։
Լուի դե Ֆյունեսը (1914-1983 թթ.) համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեծագույն կատակերգակներից է։ Ֆրանսիական և համաշխարհային էկրանի ապագա աստղի ծնողները ծնվել են Իսպանիայի Սևիլիա քաղաքում։
Հոր տատը հայ էր, ծնունդով՝ պատմական Հայաստանի Էրզրում նահանգից։ Մայրն ուներ իսպանական և պորտուգալական արմատներ։ Երիտասարդ տարիներին Լուի դը Ֆյունեսը տարվել է նկարչությամբ և դաշնամուր նվագելով: Զարմանալի չէ, որ հետագայում նա հենց դաշնակահար էլ դարձավ: Ֆյունեսը գերազանց գիտեր ֆրանսերեն, իսպաներեն, անգլերեն և պորտուգալերեն լեզուները, յուրացրել էր նաև հայերենը:
22 տարեկանում Լուի դը Ֆյունեսն ամուսնանում է Ժերմեն Լուիզա Էլոդի Կարրուայեի հետ: Ծնվում է նրանց որդին` Դանիելը: Սակայն 1942թ. նրանք ամուսնալուծվում են: Մեկ տարի հետո ամուսնանում է Բարտելեմի դը Մոպասանի հետ, որը նշանավոր գրող Գի դը Մոպասանի թոռնուհին էր: Միասին ապրում են 40 երջանիկ տարիներ, մինչև հանճարեղ կատակերգուի մահը` դաստիարակելով իրենց 2 որդիներին` Պատրիկին և Օլիվիեին:
Լուի դը Ֆյունեսը շատ ջերմ հարաբերություններ ուներ բավականին հարուստ ֆրանսահայ Խաչիկ Քեբարջյանի ընտանիքի հետ, շփումներ ուներ Ֆրանսիայի հայկական շրջանակների, անգամ Ֆրանսիայում Հայաստանի պաշտոնական ներկայացուցչության հետ:
Նրա ընտանիքում կազմակերպվող ընդունելությունների ժամանակ հաճախ էր արծարծվում 1915-1923թթ. Թուրքիայում կազմակերպված և իրականացված Հայոց ցեղասպանության թեման:
Ֆյունեսը հաճույքով էր լսում Զորավար Անդրանիկին նվիրված երգերը, իսկ ամեն տարի ապրիլի 24-ին պարտադիր այցելում էր Պեր լա Շեզ գերեզմանատուն և իր հարգանքի տուրքը մատուցում ու ծաղիկներ դնում մեծ զորահրամանատարի` Անդրանիկ Օզանյանի շիրմին: Հատկանշական է, որ Ֆրանսիայում Հայաստանի ներկայացուցչության միջոցով նա միշտ գտնում էր տնտեսվար ու մաքրակենցաղ հայ կանանց` իր տանն աշխատելու համար:
Ահա թե ինչ է պատմում Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքի բնակչուհի Աղավնի Սարգսյանը, ով 1971-ից 1,5 տարի Ֆյունեսների տանն աշխատել է՝ որպես սպասուհի, խոհարար, պարտիզպան և հայոց լեզվի ուսուցչուհի. «Իմ և յոթ տարեկան դստերս ու Ֆյունեսների ընտանիքի միջև ձևավորվել էին ջերմ, ընկերական փոխհարաբերություններ: Նրանք մեզ շատ լավ էին վերաբերվում:
Ճիշտ է, ես չէի խոսում նրանց լեզվով, սակայն մենք միմյանց հասկանում էինք առանց դժվարության: Նա արդեն հաջողությամբ կարողանում էր հայերեն ասել «շնորհակալություն» և «բարի լույս» բառերը։
Լուի դը Ֆյունեսի կինն ինձ հետ շատ սիրալիր էր. ազատ ժամանակ անգամ ինձ օգնում էր խոհանոցում: Իսկ երեխաներն օրեցօր ավելի ու ավելի շատ նոր հայերեն բառեր էին սովորում, քանի որ ազատ ժամանակ աղջկաս դասագրքով ես նրանց հայերեն էի սովորեցնում: Հաճույքով էր հայերեն սովորում նաև ինքը` Լուի դը Ֆյունեսը: Նա հաճախ էր ինձ ու դստերս էլ իր երեխաների հետ այգի հրավիրում, և դա արվում էր անշահախնդրորեն:
Նա հաճախ էր ընթրիքին պատվիրում հայկական տոլմա, խորոված, սպաս, քաղցրեղենից` գաթա, փախլավա, և այդ ամենն ուտում էր անթաքույց հաճույքով: Իմ հիշողության մեջ հատկապես մնացել է Ֆյունեսների ընտանիքի հետ բաժանման պահը: Այդ օրը ողջ ընտանիքը եկել էր կայարան` մեզ ճանապարհելու: Իմ ճամպրուկները լիքն էին նվերներով, իսկ վերջին պահին պարոն Լուին իմ գրպանը մի կլորիկ գումար դրեց` մեզ «բարի ճանապարհ» մաղթելով»:
Տիկին Աղավնին Լուի դը Ֆյունեսի մահվանից հետո ուղիղ 40 օր սուգ պահեց, սև զգեստներ հագավ, իսկ կրծքին միշտ կրում էր այն խաչը, որը նրան, ի նշան երախտագիտության, նվիրել էր Ֆրանսիայի ծիծաղի արքան` էրզրումցի հայուհու թոռը` Լուի դը Ֆյունեսը:
Հեղինակ՝ Գ. Սվազյան