Թեեւ շատերը նախընտրում են շոգին իրենց ծարավը հագեցնել գարեջրով, սակայն նման եղանակին այս սառը ըմպելիքը խմելը կարող է առողջական խնդիրներ առաջացնել։ Բանն այն է, որ շոգին օրգանիզմը խիստ ջրազրկվում է՝ քրտինքի հետ մեկտեղ կորցնելով հեղուկն ու օգտակար նյութերը՝ կալիում, կալցիում, մագնեզիում, նատրիում։ Ալկոհոլը միայն նպաստում է այս գործընթացին: Այս մասին gazeta.ru-ին ասել է գաստրոէնտերոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Եկատերինա Քաշուխը։
Բացի այդ, ըստ նրա, եթե աննկատորեն գերազանցեք գարեջրի պահանջվող չափաբաժինը, ապա ջրազրկման և շոգի ֆոնին ալկոհոլային թունավորումն ավելի ընդգծված կլինի, իսկ վերականգնման համար շատ ավելի երկար ժամանակ կպահանջվի։
«Ենթադրվում է, որ գարեջուրն իբր սառեցնում է մարմինը շոգի ժամանակ, բայց դա թյուր կարծիք է: Այս ազդեցությունը շատ կարճատև է լինում: Ալկոհոլը լայնացնում է արյունատար անոթները, ուստի սառնության անցողիկ զգացումից հետո մարմինը կրկին տաքանալու է։ Ավելին, գարեջուրը, հատկապես շոգին, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում լյարդի և սրտանոթային համակարգի վրա, ուստի լյարդի կամ սրտի հիվանդություններ ունեցողներին խորհուրդ է տրվում իսպառ հրաժարվել ալկոհոլ օգտագործելուց»,- ասել է բժիշկ Եկատերինա Քաշուխը։
Նա նշել է, որ գարեջուրը, ի թիվս այլ բաների, նույնպես բարձր կալորիականությամբ ըմպելիք է, ուստի այն սիրողները հաճախ ավելորդ կիլոգրամներ են հավաքում։ Այսպիսով, կես լիտրանոց գարեջրի շիշը պարունակում է մոտ 215 կիլոկալորիա: Դրանք այրելու համար հարկավոր է 40 րոպե վազել կամ մեկ ժամ հանգիստ քայլել։
«Ծարավը հագեցնելու համար պետք է ընտրել զովացուցիչ ըմպելիքներ՝ թեյեր, մրգային ըմպելիքներ, բնական լիմոնադ, հանքային ջուր, ինչը հատկապես օգտակար է, քանի որ օգնում է վերականգնել աղի հավասարակշռությունը»,- խորհուրդ է տվել գիտությունների թեկնածուն։