Ահա Պոլոզ Մուկուչի իսկական անուն-ազգանունը` համաձայն եկեղեցական ծխամատյանի

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

ՊՈԼՈԶ ՄՈՒԿՈՒՉ

Պոլոզ Մուկուչ… Հազիվ թե գտնվի մեկը, ով երբևէ լսած չլինի այս անսովոր, փոքր-ինչ ծիծաղաշարժ անունը, որ բազում զվարճապատումների անբաժան հերոսն է, բանահյուսված առակների մշտական դերակատարը:Բայց հավանաբար ոչ բոլորին է հայտնի, որ նա ոչ թե մտացածին կամ հավաքական մի կերպար է, ինչպիսիք սովորաբար հորինվում են հումորային պատմությունների համար, այլ իրական անձնավորություն` նույնքան հետաքրքիր կենսագրությամբ, որքան նրա շուրջ հյուսված զրույցներն են:

Մկրտիչ Մելքոնյան. ահա Պոլոզ Մուկուչի իսկական անուն-ազգանունը` համաձայն եկեղեցական ծխամատյանի: Նա ծնվել է 1881 թ. հունվարի 7-ին Ալեքսանդրապոլ քաղաքում, արհեստավորի Ղազարի ընտանիքում:

Դեռ երիտասարդ հասակից զբաղվել է առևտրով, եղել է մեծածախ մրգավաճառ ( կամ, ինչպես գյումրեցիներն էին ասում` մեյվի փոդրաթչի):Ապրանքը բերել է Երևանից, Վրաստանից, վաճառել փոքր խանութների վրա: Պոլոզ մականունը ստացել է բարձ հասակ ունենալու պատճառով:

Ըստ ժամանակակիցների վկայության, խմիչքի հանդեպ ընդգծված թուլություն է ունեցել, սակայն հենց այդ թուլության մեջ էլ թաքնված է եղել նրա իրական էության ողջ գաղտնիքն ու հմայքը:

Բանն այն է, որ սթափ ժամանակ Մուկուչը սովորական մեկն էր, հանգիստ, ծանրակշիռ, նույնիսկ ոչ սրամիտ:Սակայն բավական էր մի քանի բաժակ օղին, և նա միանգամից վերափոխվում էր, դառնում անճանաչելի:

Այս երկվությունը որքան էլ տարօրինակ լիներ, այնուհանդերձ մեր հերոսի կարևոր բնորոշիչներից մեկն էր` ոմանց համար` սովորական, մյուսների համար` անհասկանալի:

Սիրում էր իր վաստակը շռայլորեն ծախսել ընկերների հետ աղմկոտ գինարբուքներում: Նրա մասին ասում էին, որ մեկ օրվա միլիոնատեր էր ու հաջորդ օվա մուրացիկը:

Հաճախ էր պատահում, երբ մինչ ուշ գիշեր երկարած խնջույքներն ավարտվում են ոստիկանության հետ ծեծկռտուքներով:

Սակայն հենց այդ ժամանակ էլ ծնվում էին այն պատմություններն ու սրախոսությունները, որոնք հետագայում բերնեբերան էին անցնում` Մուկուչի համբավը տարածելով Գյումրիից շատ ու շատ հեռու:

Իր մշտական բաժակակից ընկերներն ուներ` Ծիտրո Ալեքը, Նալըն Կարոն, Վիսյոլի Վարդանը: Այդ անունները հետագայում պիտի հանդիպեին Մուկուչին վերագրվող զավեշտալի պատմություններում իբրև գործող անձիք:Պոլոզ Մուկուչը երդվյալ ամուրի էր: Եվ այդպես էլ անզավակ ու անընտանիք ապրեց իր կյանքի 50 տարիները: Մահացել է 1931 թվի փետրվարի 15-ին, Թիֆլիսում, վիրահատության ժամանակ: Նրան տեղափոխում և թաղում են հայրենի քաղաքում:

Թե իր կենդանության օրոք ինչպիսի մեծ համբավ է ունեցել, դրա վկայություններից մեկն էլ թերևս այն է, որ նրա մահազդը տպագրվեց ՍՄԿԿ Կենտկոմի օրգան «Խորհրդային Հայաստան» թերթում:

Իսկ ահա աննախադեպ մարդաշատ ու շքեղ հուղարկավորության մասին շրջանառվում են հակասական պատմություններ: Որոշ աղբյուրներ պնդում են, թե դրանք հավաստի են:

Կան նաև այնպիսինները, ըստ որոնց թաղման շուրջ պտտվող լուրերը ընդամենը գեղեցիկ հորինվածք են` ծնված նրա հանդեպ մարդկանց մեծ սիրուց:

Ամեն դեպքում, համաձայն ականատեսների վկայության, Պոլոզ Մուկուչին վերջին հրաժեշտը տալու համար այդ ցրտաշունչ օրը փողոց են դուրս եկել ոչ միայն ծանոթ ու անծանոթ գյումրեցիները, քաղաքի բոլոր կառապաններն ու զուռնաչիները, այլև հատուկ պատվիրակություններ են ժամանել Բաքվից ու Թիֆլիսից:

Եվ ահա, երբ հանգուցյալի մարմինը դուրս են բերում, հավաքվածները զարմանքով նկատում են, որ Մուկուչի աջ ձեռքը դագաղից կախված է, այնպես որ թափորի ընթացքին ձեռքը տարուբերվել է, ճոճվել, կարծես նա մնաս բարով է ասել աշխարհին, կամ, ինչպես մեծ բանաստեղծ Ավետիք Իսահայանն է գրել, «իբր սիմբոլ, թե աշխարհը ունայն բան է, անցավոր է»:

Ի դեպ, մի առանձին պատմության նյութ է Իսահակյանի ու Պոլոզ Մուկուչի մտերմությունը: Վարպետն ու Մուկուչը թաղեցիներ են եղել, խաղընկերներ:

Գրողի արխիվում պահպանվող ձեռագրերում կան էջեր, որոնք վկայում են, որ Իսահակյանը ցանկություն է ունեցել ամբողջական երկ նվիրել իր նշանավոր համերկրացուն:

Ցավոք, այդ ծրագիրն անկատար է մնացել: Սակայն նրանց հոգեհարազատության մեկ այլ վառ ապացույց պիտի դիտվի Մուկուչի հիշատակի հանդեպ բանաստեղծի նախանձախնդիր վերաբերմունքը:

1945 թ., երբ իր ծննդյան 70-ամյակի տոնակատարությունների առիթով Իսահակյանը Լենինական է այցելում, լինում է նաև գերեզմանատանը: Այստեղ տեսնելով Պոլոզի անքար հողակույտը, նա որոշում է տապանաքար տեղադրել:

Իր հին ընկերներից մեկին` հայտնի քարտաշ- քանդակող ուստա Սիմիկին էլ պատվիրում է այդ գործը: Մի տարի անց գրողը կրկին գալիս է Լենինական և հենց այդ ժամանակ էլ տեղի է ունենում Պոլոզ Մուկուչի մահարձանի բացումը:

Շիրմաքարի վրա փորագրված էր Պոլոզի անուն- ազգանունը, ծննդյան ու մահվան թվականները, հակառակ կողմում` հետրյալ մակագրությունը. «Հիշատակ բանաստեղծ Ավետիք Իսահակյանից»:

Այժմ էլ այդ մահարձանը կանգուն է Գյումրիի քաղաքային գերեզմանատանը: Ասում են, որ մինչ օրս էլ մարդիկ խմբերով այցելում են այնտեղ, անպայման բաժակ են բարձրացնում ու բարի խոսքով հիշում այդ ուրախ, սրախոս մրգավաճառին:

Ավելորդ չէ ասել, որ Պոլոզ Մուկուչը եղել է հայ մեծ դերասան Հովհաննես Զարիֆյանի մտերիմն ու արվեստի երկրպագուն: Պապմություններ կան այն մասին, թե ինչպես է Գյումրիից հասել Թիֆլիս կամ Երևան նրա ներկայացումները դիտելու համար:

Ըստ որոշ հիշատակությունների, 1926 թվի երկրաշարժի օրերին Մուկուչը Լենինականում հանդիպել ու ծանոթացել է նաև Եղիշե Չարենցի հետ:
Նկարիչ Հ. Անանիկյանի վրձնին է պատկանում Մուկուչին նվիրված դիմանկարների շարքը:

Գրող Խաչիկ Դաշտենցը Պոլոզի կերպարն անմահացրել է իր «Ֆայտոն Ալեքը» ստեղծագործության էջերում: Իսկ Ավետիք Իսահակյանը իր սիրելի ընկերոջ մասին տարիներ անց պիտի գրեր այսպիսի տողեր.

«…Մուկուչը հայերիս 20-րդ դարի առաջին կեսի առակավոր, առակախոս արտահայտիչն է, մի նոր միֆ է: Հիմա փոքր է, ժամանակի մեջ կմեծանա»:

Անի ԵՍԱՅԱՆ