Արդյոք ալկոհոլը բարելավո՞ւմ է քունը. Գիտնականները դա միֆ են համարում: Արձակուրդների ընթացքում և դրանից հետո ալկոհոլային խմիչքների օգտագործումը կարող է խանգարել քունը և առաջացնել այլ կողմնակի բարդություններ:
Դրանում իրականում որոշակի ճշմարտություն կա. ալկոհոլը կարող է օգնել ձեզ քնել, սակայն գիշերվա առաջին կեսը մարդը կարող է իրեն զգալ կոմատոզային վիճակում:
Ալկոհոլը ստամոքսի միջոցով ներթափանցում է արյան մեջ և հասնում լյարդ և ուղեղ: Ուղեղում ալկոհոլը առաջացնում է սերոտոնինի և դոֆամինի արտազատում, որոնք ծառայում են որպես ուղեղի «պարգևատրման համակարգի» և ուղեղի թուլացման տարրեր: Նրանք նաև կոչվում են նյարդային հաղորդիչներ:
Այնուամենայնիվ, այս նյութերի ազդեցությունը անհետանում է մոտ չորսից հինգ ժամ հետո: Այս պահից մենք նկատելիորեն ավելի վատ ենք քնում կամ նույնիսկ արթնանում, և լավ գիշերն ավարտվում է։ «Պատճառն այն է, որ ալկոհոլը մարմնում տրոհվում է ացետալդեհիդի», – բացատրում է գաստրոէնտերոլոգ և ալկոհոլի հետազոտող Հելմուտ Զայցը:
Ըստ Զայցի՝ ացետալդեհիդը ուղեղի մեջ արտազատում է ադրենալին և սթրեսի հորմոն՝ կորտիզոլ: «Դա ստիպում է մեզ արթնանալ և զգոն լինել», – բացատրում է գիտնականը։
Լինի գինի, գարեջուր, թե ջին-տոնիկ, անկախ նրանից, թե ինչ ոգելից խմիչք ենք մենք խմում երեկոյան, դրանք բոլորը խանգարում են մեր քունը: Սակայն անորակ ալկոհոլային խմիչքները էլ ավելի կարող են սրել իրավիճակը։
«Էժան գինին կարող է պարունակել լրացուցիչ նյութեր, ինչպիսիք են բուրավետիչները, ֆյուզելի յուղերը և երկար շղթայով սպիրտները», – ասում է ալկոհոլի հետազոտող Հելմուտ Զայցը: Սա կարող է առաջացնել սրտխառնոց և գլխացավեր և էլ ավելի վատթարացնել ձեր խումհարը:
Նույնիսկ ամենաորակյալ և մաքուր օղին վերածվում է թունավոր ացետալդեհիդի։ Ադրենալինի և կորտիզոլի հետագա հոսքը պարտադիր չէ, որ արթնացնի ձեզ, բայց կխախտի այն, ինչ կոչվում է արագ քնի փուլ: Եվ դա կախված է ոչ այնքան որակից, որքան ալկոհոլի քանակից։
«Որքան մեծ է ալկոհոլի չափաբաժինը, այնքան ավելի շատ է խանգարվում արագ քնի փուլը գիշերվա երկրորդ կեսին», – բացատրում է Լյուբեկի համալսարանի նյարդակենսաբանության պրոֆեսոր Հենրիկ Օսթերը, հաղորդում է DW-ն:
Որպես կանոն, քնի որակը նկատելիորեն վատանում է արդեն ալկոհոլի 0,2-ից մինչև 0,3 պրոմիլի դեպքում, պարզաբանում է պրոֆեսորը։
Արյան մեջ ալկոհոլի այս մակարդակի հասնելու ճշգրիտ ժամանակը կախված է տարբեր գործոններից՝ սեռից, մարմնի քաշից, ձեր ստամոքսը դատարկ է, թե լիքը, և արդյոք դուք դեղորայք եք ընդունում: Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ 0,2 պրոմիլ մակարդակի կարելի է հասնել բավականին արագ՝ երկու բաժակ գինին բավական կլինի։
Արագ քնի փուլը համարվում է ակտիվ հանգստի փուլ և կարևոր է մեր ֆիզիկական և մտավոր առողջության համար: Նորածինների համար արագ քնի փուլը կազմում է քնի մեծ մասը և կարևոր է նորածինների ուղեղի զարգացման համար:
«Ալկոհոլը ճնշում է արագ քնի փուլը», – ասում է պրոֆեսոր Օսթերը: Երբ արագ քնի փուլը պարբերաբար խանգարվում է, խնդիրներ են առաջանում, ինչպիսիք են թույլ կենտրոնացումը և վատ հիշողությունը: Գիտնականները կարծում են, որ արագ քնի փուլի խանգարումները հանդիսանում են նաև բնակչության մահացության բարձր մակարդակի պատճառ։
Ալկոհոլի հետազոտող Հելմուտ Սեյցի խոսքով, նրանք, ովքեր անմիջապես հրաժարվում են ալկոհոլից, քնի նկատելի բարելավումներ են ունենում: «Դուք կդառնաք ավելի հանգիստ, ավելի հավասարակշռված և ավելի լավ կկարողանաք լուծել խնդիրները», – վստահ է փորձագետը: