Մանկական հիվանդություններն անկանխատեսելի բան են: Բացարձակ առողջ երեխան, որը տառացիորեն րոպեներ առաջ թռչկոտում և պատերն էր քանդում, հանկարծ սկսում է ջերմել: Ի՞նչ անել. Իջեցնե՞լ ջերմությունը, թե՞ դեռ սպասել: Տենդն ազդանշան է ուղեղի համար, որպեսզի նա սկսի ավելի շատ նյութեր արտադրել, որոնք կօգնեն հաղթահարել ինֆեկցիոն հիվանդությունը:
Մանկական հիվանդությունների գերակշիռ մասը բաժին է ընկնում սուր շնչառական հիվանդություններին, իսկ վարակների ամենագլխավոր թշնամին ինտերֆերոնն է՝ յուրահատուկ սպիտակուց, որի մակարդակն ուղղակիորեն կախված է մարմնի ջերմաստիճանից: Այլ կերպ ասած՝ որքան բարձր է մարմնի ջերմաստիճանը, այնքան շատ սեփական դեղամիջոց է արտադրվում:
Ինչպե՞ս իջեցնել բարձր ջերմությունը
Մեզ մոտ ընդունված է ջերմությունն իջեցնել միանգամից, հենց որ այն հայտնաբերվում է: Բայց դա այնքան էլ ճիշտ չէ, ավելի ճիշտ՝ բոլորովին ճիշտ չէ: Ջերմիջեցնող դեղամիջոցներն օրգանիզմին հնարավորություն չեն տալիս հաղթահարել հիվանդությունը կարճ ժամանակում: Հիշիր ոսկե կանոնը: Ջերմիջեցնող միջոցներ օգտագործելու որոշիչ փաստարկը ոչ թե՝ բարձր ջերմությունն է, այլ՝ երեխայի ընդհանուր վիճակը: Եվ այսպես՝
1. Ե՞րբ է պետք իջեցնել ջերմությունը
Որոշ երեխաներ 39 աստիճան ջերմության դեպքում իրենց լավ են զգում, իսկ ուրիշները՝ 37.5-ի դեպքում անկողնուց վեր կենալ չեն կարողանում: Այս դեպքում դեղամիջոցներ ընդունելու անհրաժեշտությունն ակնհայտ է: Յուրաքանչյուր երեխա իր սահմանն ունի, բայց այդ սահմանը գտնելու ճանապարհին պետք չի ռիսկի դիմել: Եթե ջերմությունը բարձրացել է մինչև 39.5 աստիճան, գործիր անմիջապես:
40 աստիճանին մոտ տենդի պաշտպանողական ֆունկցիաները վերափոխվում են հակառակի: Մեծանում է մետաբոլիզմը և թթվածնի գործածությունը, ուժեղանում է հեղուկի կորուստը, լրացուցիչ լարվածություն է առաջանում սրտի և թոքերի համար:
Հատուկ վերահսկողություն են պահանջում դողէրոցքի սինդրոմ ունեցող երեխաները: Եթե նախկինում բարձր ջերմության ֆոնին նկատվել են ֆեբրիլ ցնցումներ, խորհուրդ է տրվում ջերմիջեցնող դեղամիջոցներ ընդունել արդեն իսկ 38.5 աստիճան ջերմության դեպքում, կամ այն ջերմության բարձրակետի դեպքում, որը ձեր երեխայի համար սահմանել է ձեր մանկաբույժը:
Սա վերաբերում է նաև մինչև 3 ամսական երեխաներին: Այս հոդվածի մեջ մենք խոսում ենք այն ջերմության մասին, որը չափվել է անութափոսում կամ, ավելի պարզ ասած՝ թևատակում: Այդ եղանակով սովորական ջերմաչափը պետք է դրվի 10 րոպեից ոչ պակաս: Ռեկտալ ջերմությունը միշտ մեկ աստիճան ավելի է ցույց տալիս, և ճշգրիտ արդյունքի համար 5 րոպեն բավարար է:
2. Որտե՞ղ հիվանդանալ
Գլխավորը, որը պետք է անեք մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում, երեխայի համար ստեղծել այնպիսի պայմաններ, ուր նա առավելագույնս կարող է կորցնել ջերմությունը: Իսկ դա հնարավոր է միայն 2 եղանակով՝ քրտինքի կամ արտաշնչվող օդի տաքացման միջոցով: Փորձեք սենյակում սառը ջերմաստիճան ապահովել (17-20 աստիճան Ցելսիուս), բայց երեխային այդ պարագայում հագցրեք ևս մեկ վերնազգեստ կամ ծածկեք ծածկոցով: Երեխայի համար ապահովեք խմելու ճիշտ ռեժիմ (երեխայի 1 կգ քաշին՝ 50-100 մլ): Առանց այս կանոնները պահպանելու՝ առողջացումն ավելի ուշ կլինի, իսկ բարդությունների զարգացման ռիսկը կմեծանա:
3. Ինչո՞վ իջեցնել
Քո խնդիրը խուճապի չմատնվելն է, այլ համակարգային մոտեցում ցուցաբերելը՝ դեղամիջոցներ, օդի պարամետրեր, առատ հեղուկներ: Ընդ որում, վերջին 2 կետերը պակաս արդյունավետ չեն, քան ցանկացած օշարակը կամ հաբը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդներով երեխաների համար առաջնային ընտրության դեղամիջոցներն են Պարացետամոլը և Իբուպրոֆենը: Տանը պետք է երկուսն էլ լինեն, ցանկալի է՝ տարբեր տեսակի:Մինչև 6 տարեկան երեխաների համար դրանք օշարակներն են ու ռեկտալ մոմիկները: Օշարակն ազդում է ընդունումից 15-20 րոպե հետո, բայց նրա կազմի մեջ կան շատ քիմիական հավելումներ՝ արոմատիզատորներ, գունավորիչներ: Մոմիկներն ազդում են 40-50 րոպեից, բայց ջերմիջեցնող էֆեկտը երկար են պահպանում: Դրանք անփոխարինելի են, երբ երեխան սրտխառնուք կամ փսխում ունի:Դեղատներում Պարացետամոլը վաճառվում է այնպիսի դեղահաբերի տեսքով, ինչպիսիք են Պանադոլը, Կալպոլը, Էֆերալգանը, Դոֆալգանը, Մեքսալենը, Ցեֆեկոնը, Դոլոմոլը: Իբուպրոֆենը պակաս անվտանգ է, բայց ավելի արդյունավետ: Նրա անալոգներն են Իբուֆենը, Նուրոֆենը, Բոֆենը, Մարկոֆենը, մանկական Մոտրինը, Իբունորմ Բեբին, Բրուֆենը:
4. Դոզավորումը
Շատ հաճախ արտադրողները դեղահաբի պիտակի վրա մատնանշում են տարիքը: Բայց բոլոր երեխաները միանման չեն: Պետք է դոզավորումը հաշվարկել երեխայի քաշին համապատասխան: