Սոս Ջանիբեկյանին նշանակում են «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն․ դերասանները դեմ են

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի շուրջ բունտ է հասունանում։ Քաղաքապետարանը պատրաստվում է, կամ արդեն ոչ ֆորմալ թատրոնի տնօրեն է նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին։ Ավելին, Ջանիբեկյանն այս օրերին այցելում է թատրոն, միջամտում է վերանորոգման աշխատանքներին։MediaHub-ն է գրում ու նշում, որ կայքի հետ զրույցում թատրոնի դերասան Արծրուն Չոբանյանը ասել է, որ դերասանները դեմ են Ջանիբեկյանի նշանակմանը։

«Թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մակիչ Մարգարյանն է ինձ ասել, որ Սոսը թատրոնի տնօրեն է նշանակվել, քաղաքապետարանից նրան արդեն ներկայացրել են։ Իմ այն հարցին, որ տնօրենն ընտրվում է մրցույթով, սա օրենքի խախտում է, պատասխանեց՝ չգիտի մանրամասները»,-պատմել է Չոբանյանը։

Նրա խոսքով՝ թատրոնի անձնակազմը չի ցանկանում աշխատել «Մհեր Մկրտչյան» թատրոնի հետ կապ չունեցող անձանց հետ։ Չոբանյանը նշել է, որ դերասանները տնօրենի պաշտոնում իրեն են տեսնում։«Թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական անձնակազմով հանդիպել ու զրուցել ենք։ Նրանք դեմ չեն եղել, որ ես լինեմ իրենց ներկայացնողն ու տնօրենը, հաշվի առնելով, որ մոտ 7-8 տարի է աշխատում եմ թատրոնում»,-ասել է նա։

Առանց մրցույթի թատրոնի տնօրեն չեն կարող նշանակել, դա օրենքի կոպտագույն խախտում է։ Չոբանյանն ասում է՝ իշխանություններից հեռու չէ, կփորձեն ինչ-որ ձեւով շրջանցել օրենքը։ Իսկ եթե քաղաքապետարանը, այնուամենայնիվ, շարժվի օրենքով եւ մրցույթ հայտարարի, Չոբանյանը շեշտեց՝ կմասնակցի դրան եւ գուցե հենց ինքն էլ հաղթի։

Երեւանի քաղաքապետարանը ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը, հաշվի առնելով Սոս Ջանիբեկյանի ընդգծված իշխանական լինելու հանգամանքը։ Ջանիբեկյանը լրատվակնի հետ զրույցում չի հերքել իրեն «Մհեր Մկրտչյան» թատրոնի տնօրեն նշանակելու մասին տեղեկությունը։

«Դեռ քննարկման փուլում է»,-ասել է նա։

Հարցին՝ մրցույթ նշանակվելո՞ւ է, ասել է՝ մանրամասներին ծանոթ չէ։

Պաշտոնը ստանձնելու օրը Ջանիբեկյաննին դեռ հայտնի չէ․ «Դեռ շատ նախնական փուլում է գործընթացը»։
Առաջարկն ընդունելու մասին հարցին էլ ասաց, որ դեռ մտածում է․ «Մանրամասներն ենք քննարկում, նման պրոցեսները անմիջապես տեղի չեն ունենում»։

Դիտարկմանը, որ թատրոնի դերասանները ցանկանում են իրենց թիմից լինի տնօրենը եւ դեմ են իր նշանակմանը, Ջանիբեկյանն արձագանքել է․ «Լավ են անում, ինչ ասեմ»։

Նշենք, որ թատրոնը հիմնադրվել է 1986 թվականին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ջանքերով։

Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի թափուր մնացած տնօրենի պաշտոնում քաղաքապետարանը պատրաստվում է նշանակել դերասան Սոս Ջանիբեկյանին, որը ոչ մի կապ չունի արտիստական թատրոնի հետ, երբևէ այնտեղ չի խաղացել, ծանոթ չէ անգամ ստեղծագործական թիմին: Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց թատրոնի դերասան Լևս Դավթյանը։

«Եթե հաստատվեց այդ որոշումը և Ջանիբեկյանը նշանակվեց թատրոնի տնօրեն, մենք հայտնելու ենք մեր անհամաձայնությունը, որովհետև այդ մարդը ոչ մի կապ չունի մեր թատրոնի հետ, առհասարակ չեմ հիշում, որ ինչ-որ թատրոնի հետ առնչություն ունենա: Սոս Ջանիբեկյանը ևս չի հերքել այդ լուրը: Գաղտագողի, առանց մրցույթ հայտարարելու փորձում են` կամ ԺՊ, կամ էլ հենց տնօրեն նշանակել, ինչն օրենքի խախտում է: Դերասանական խումբն ունի իր թեկնածուն` Արծրուն Չոբանյանն է: Ստացվում է, որ մեկի կարծիքը հաշվի չեն առնում, կա տնօրենի ԺՊ` Մակիչ Մարգարյանն է, հիմա էլ ցանկանում են Սոս Ջանիբեկյանին բերել, բայց նախ պետք է մրցույթ հայտարարվի», — նշեց դերասանը: