Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի. Քաղցած էինք… Սոս Սարգսյանի հուշերից
Սոս Սարգսյանի հուշերից` Ֆրունզիկ Մկրտչյանի մասին
Արդեն թարոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք: Ես Ստեփանավանից եկա, դու՝ Լենինականից: Երկու գավառացի երիտասարդ մայրաքաղաքում: Յուրաքանչյուր ներկայացմանը մասնակցելու համար ստանում էինք տասը ռուբլի:
Օրերից մի օր երկուսով ունեինք ընդհամենը մեկ ռուբլի` հիմիկվա տասը կոպեկը: Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առնել, որ ուտելու պատրանք լինի:
Թատրոնի այգում հեծանք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրինք մեջտեղը: Հիշո՞ւմ ես, Ֆրունզ, ինչից էինք խոսում: Իհարկե հիշում ես. թատրոնից, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից, զրուցում էինք աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված… Թատրոն, դերասանություն, թատրոն, թատրոն…
Խոսելը երկարացնում էր մեր արևածաղիկ չրթելը, և դա, կարծեմ, մեր կախարդական օրերից էր…
Նոր թատրոն ես սարքում: Ամեն անգամ հիշելիս ժպտում եմ:
Տնաշեն, ոտից գլուխ թատրոն ես, թատրոնը քո հոգում սարքած պրծած է, էդ ի՞նչ ես տանջվում: Բա դու ափսոս չե՞ս` մեխ ու տախտակով զբաղվես: Աստված քեզ ազատ է ստեղծել: Դու անսանձ ու անթամբ ձի հեծնող, անկաղապար արվեստի տեր` ինքդ ինչու ես կապանում:
Թող ծառս լինի ձիդ, խրխնջա զրնգուն… Մրցանակներ շահես ազգիդ համար:
Ուրիշի գործով թող ուրիշը զբաղվի` բարձունքներին սովոր մարդ…
Տարիներ անցան… նկարահանվում ենք «Մենք ենք մեր սարերը» ֆիլմում:
Փառքի մեջ լողում էր Մհերն արդեն, նույնիսկ մեքենա ուներ արդեն: Գնում էինք Իջևանի սարերը` մեր կիսատ գործին: Սևանի խորտկարաններից մեկի առաջ կանգ առավ:
– Հերն էլ անիծած նկարահանումների, իջիր:
– Ֆրունզ, Հենրիկը սպասում է…
– Հենրիկը կհասկանա մեզ, աշխարհը չի քանդվի, իջիր…
Մհերը հաստատ քայլերով մտավ ներս, թագավորական տեղ ընտրեց, ձեռքի թագավորական շարժումով մատուցողին հրավիրեց։
Սա հալվեց երջանկությունից ու սկսեց թվել ճաշատեսակները…
– Բեր… մի խոսքով` ինչ որ լավ բան ունես, բեր:
– Ի՞նչ ենք անում, երկուսով այսքանն ի՞նչ ենք անելու:
– Քու բանը չի, դու սուս… էն սեմուչկեն հիշում ես… Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել…
Խորովածը, խավիարը, իշխանը կերանք- խմեցինք իշխանավարի, հին ու նորով, ապագայով համեմեցինք մեր խոսքն ու զրույցը, հիշեցինք նրա ծնողներին, տխրեցինք հազար անգամ…»։
Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով։