Պարույր Սևակի բացման խոսքի ժամանակ ուշացումով երկու երկրպագուհիների ուղեկցությամբ ներս մտավ Շիրազը. Սևակը խոսքն ընդհատեց և հարգանքով դիմեց նրան…

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Ցերեկույթին նախագահում էր Պարույր Սևակը։ Նրա բացման խոսքի ժամանակ մի քանի րոպե ուշացումով երկու երկրպագուհիների ուղեկցությամբ ներս մտավ Հովհաննես Շիրազը։ Սևակը խոսքն ընդհատեց և հարգանքով դիմեց նրան.

«Շիրա՛զ, քո տեղը նախագահությունում է, համեցի՛ր այստեղ»։ Շիրազը լսեց, բայց, չլսելու տալով, ամբողջ դահլիճի ուշադրությունը դեպի իրեն դարձրած, քայլերն ուղղեց դահլիճի կողմը, և ազատ մի աթոռի դեռ չնստած, կքանիստ վիճակում բարձրաձայն ասաց. «Որտեղ ես կնստեմ, նախագահությունը այնտեղ է»։

Հասկացա, որ Սևակն ու Շիրազը նույն ժամանակի մեջ են, բայց իրար հետ չեն, նույն գրականության պատմության մեջ կողք կողքի են, բայց կյանքում՝ իրարից հեռու։ Հասկացա, որ ամեն մի ճշմարիտ բանաստեղծ ինքն է, որ կա՝ իր արժեքի, տեղի ու դերի բարձր գիտակցությամբ։Ավելի ուշ միայն իմաստավորեցի, որ յուրաքանչյուր ճշմարիտ հեղինակություն ինքն է թե՛ իր չափն ու կշիռը, թե՛ իր գահն ու նախագահությունը։ Հետագայում առիթ ունեցա Շիրազից լսելու Սևակի մասին։

Հակասական կարծիքներ էր հայտնում, երբեմն՝ նույնիսկ շատ խիստ, անգամ՝ կոպիտ։ Համենայն դեպս գրական խանդն ակնհայտ էր։ Սևակի գրական փառքն իրենը չէր։ Թեև իր փառքն էլ չէր խամրել, բայց «մրցակցությունը» ուժեղ էր: Այդուհանդերձ, մի հարցում Շիրազը միշտ նույնն էր կրկնում:Ասում էր. «Այն ծանր տարիներին, երբ բոլորն ինձ հալածում էին, Սևակն իմ քնարերգությունը գնահատեց»: Եվ հպարտությա՜մբ էր ասում: Ուրեմն՝ նաև գնահատո՛ւմ էր: Հակառակ դեպքում` Սևակի կարծիքը արժեք չէր ունենա Շիրազի համար:

Ասում են, որ Շիրազն անձամբ գնացել է Սևակի հոգեհանգստին, մոտեցել դագաղին, գրկել նրա անշունչ մարմինն ու երեխայի պես արտասվել։ Բանաստեղծը շատ լավ հասկանում էր՝ ում է կորցրել հայ ժողովուրդը…

Դավիթ Գասպարյան