«Ո՛վ հայրեր, ո՛վ պապեր, այս գավաթը խմում եմ, բայց առանց նվիրելու ձեր ոսկորներին։ Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցմով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք.— եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցրին ձեր հարստությունը, զենքեր գնեիք,— եթե դուք այն անուշահոտությանց տեղ, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք,— այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ։Այլևս քուրդերը մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորի և մեր կանայքը չէին հափշտակի․․․։ Այս վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը ու քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ, սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, առեց խաչը և մտավ Մանիա այրում ճգնելու համար․․․
Րաֆֆի
ՐԱՖՖԻ /ՀԱԿՈԲ -ՄԵԼԻՔ — ՀԱԿՈԲՅԱՆ /
Մեջբերումներ Րաֆֆու «ԽԵՆԹԸ » գրքից, որոնք արդիական են նաև այժմ .Անցյալը ուղղել չենք կարող, խոսենք ներկայի վրա…
Մենք հայ ենք աստծու անեծքը գրած է մեր ճակատի վրա: Անմիաբանությունը, երկպառակությունը, նախանձը, թշնամությունը և հազար ու մեկ այս տեսակ չարություններ շատ ժամանակներից բույն են դրել մեր հոգու մեջ, և մենք կրում ենք այդ մեղքերի պատիժը:
Թշնամին մեղավոր չէ, եթե մեր մեջ սիրտ լիներ, միություն լիներ, հիմար թշնամին ի՞նչ կարող էր անել:
Մեծ ավազակի հետ բարեկամ լինելով, մարդ ազատվում է փոքր ավազակի ձեռքից:
Թշ-նամու հետ այլ կերպ կարելի է վարվել, եթե նա էլ մեզ նման մարդ է, եթե նրա մարմինը երկաթից շինված չէ, բայց երբ նա զենքերով գալիս է մեզ կողոպտելու, կարելի է զենքով պատասխանել նրան:
Երկիր առանց ավազակի չի լինում:
Գազանները ավելի կատաղում են, երբ սկսում են սիրել, բայց մարդը քնքշանում է:
Բոլոր անբախտությունները մարդու համար են… ինչ ցավ, որ աստված ուղարկում է, մենք պետք է տանենք համբերությամբ…
Խեղճ մարդիկ, ամեն անբախտության մեջ մխիթարություն են գտնում աստծուն և միայն աստծուն վերագրելով այն բոլոր տառապանքները, որ կրում են այս աշխարհում: Կարծես թե աստված անբախտությունների հեղինակ լիներ:
Մարդիկ պահանջում են, որ մարդը դրսից ուրիշ կերպարանք ունենա, իսկ ներսից ուրիշ, նրանք սաստիկ ատում են ճշմարտաղոսին:
Սերը, որ շատերի մեջ ուրախություն էր, և բավականություն էր ծնեցնում, որ շատերին խելքից հանում է, շատերի սիրտը լցնում է մի սրբազան զգացմունքով, և քաղցրացնում է նրանց կյանքի դառնությունները,- սերը տխրեցրել էր այդ մարդուն:
Կռվի մեջ հայտնված ամեն ճշմարտություն կասկածավոր է թվում:
Փորձանքը խմբով է գալիս, երբ կամենում է խավարեցնել մի խաղաղ ընտանիքի բարօրությունը:
Երբ հայը իր համազգիների հետ վարվում է ավելի վատթար, քան թուրքը, այդ եղեռնագործությանը դժվար է համբերել:
Համբերությունը մա՛հ է… գերեզմանի մեջ միայն մարդը սովորում է համբերող լինել…. Մի այսպիսի հրեական համբերությունը, որ ունենք մենք, տանում է դեպի անդառնալի կորուստը:
Հայերը իրենց լռությունով, իրենց համբերությունով և իրենց մեծահույս սպասելով ոչինչ չեն ստանա: հայերը պետք է բողոքեն:
Ով որ զենք գործածել չգիտե, ով որ шրյnւն թափելու և մարդիկ կոտորելու ընդունակություն չունի, նրան ասում են՝ դու ազատ լինելու իրավունք չունես:
Եթե հայերը ցանկանում են մի բան ստանալ և ազատ լինել, պետք է ցույց տան, թե իրենք ևս զուրկ չեն քաջությունից, թե իրենք ևս սպանել գիտեն:
Բնությունը բոլոր էակների տվել է իրենց նմանների հետ կռվելու ընդունակություն: Միայն մեռած մարմինները մնում են անշարժ և իրենց անձը պաշտպանել չգիտեն, որովհետև նրանք կյանք չունեն: Բայց ուր կյանք կա, այնտեղ կա և բնական կռիվ:
Ամեն մի հայ առանձին վեր առած, զգույշ է, մտածող, անվստահ է և սեփական կամք չունի: Նա միշտ սպասում է օրինակի, որ ուրիշը սկսե, իսկ ինքը նրան հետևի:
Նա, որ ատել չգիտե, զուրկ է մնում սիրո զգացմունքից…