Ընդամենը ութ տարեկան էր Վարդանը, երբ զրկվեց հորից: Նրա հետագա խնամքն ու դաստիարակությունը մնաց մոր՝ Էմիլիեի վրա, որն ամուսնու առեղծվածային անհետացումից հետո ապրեց 22 տարի և մահացավ 1870 թվականին:
Ինը տարեկանից Վարդանը (Վարդան Աբովյան) սկսում է սովորել Թիֆլիսի ազնվական գիմնազիայում, ապա Ներսիսյան դպրոցում: Կաթողիկոսը նախատեսել էր նրան կրթության տալ Մոսկվայի Լազարյան ճեմարանի արևելյան լեզուների բաժնում: Սակայն հիվանդության և այլ պատճառներով Վարդանը դուրս է գալիս Ներսիսյան դպրոցից, միաժամանակ զրկվում է Լազարյան ճեմարանում սովորելու հնարավորությունից:
Մոր՝ Էմիլիեի մեծ ջանքերի շնորհիվ նա 1854 թվականից մինչև 1859 թվականը սովորում է Խարկովի մասնավոր պանսիոնում, ապա տեղափոխվում է Դորպատ և 1860 թվականից դառնում համալսարանի ուսանող, որը հայազգի պատանիներից առաջինն ընդունվել և ավարտել էր նրա հայրը: Նյութական սուղ պայմանների պատճառով Վարդանը համալսարանը չի ավարտվում:
Ռեկտորի թույլտվությամբ քննություն է հանձնում՝ գիմանազիայի սեմինարիայի ուսուցչի կոչում ստանալու համար: Յոթ տարի շարունակ դասավանդում է ռուսաց լեզու, պատմություն, գեղագրություն՝ հեռավոր Լիֆլանդիայի նախ Ֆելին գյուղաքաղաքում, ապա՝ Տալլին քաղաքի տարբեր ուսումնական հաստատություններում:
1869 թվականին մոր խնդրանքով Վարդանը վերադառնում է Անդրկովկաս և անմիջապես ուսուցչի պաշտոն վարում Ախալքալակում: Պայմանները ստիպում են Վարդանին 1875 թվականին տեղափոխվել Էջմիածին, որտեղ հինգ տարի ուսուցչություն է անում Գևորգյան ճեմարանում, այնուհետև տասը տարի ապրում և աշխատում է Երևանի թեմական դպրոցում:
Վարդան Աբովյանը մահացել է 1896 թվականի նոյեմբերին և թաղված է ս. Գայանե եկեղեցու բակում:
Վարդան Աբովյանը ամուսնացել է Կատարինե Յարալյան-Աբովյանի հետ: Նրանք ունեցել են ութ զավակ, որոնցից Խաչատուրը, Վահանն ու Պետրոսը մահացան դեռ մանուկ հասակում. մնացած երեք տղաներին՝ Կոնստանտինին, Լևոնին, Աշոտին և երկու դուստրերին՝ Շուշանիկին, Վիկտորիային մեծացրել է ու կրթության տվել մայրը՝ Կատարինեն, քանի որ Վարդանը շուտ մահացավ, երբ երեխաներից ոչ մեկը դեռ չէր հասունացել:
Աղբյուր՝ Գրքասեր
Նյութի հեղինակ ?