«Երեկ գիշերն է սկսվել, այս պահին լիքն են Ռոստովում, տանից դուրս չենք գալիս»,- այս մասին MediaHub-ին փոխանցեց Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը:
Նա նշեց, որ վագներովցիները տեղակայվել են Ռոստովի Մյասնիկյանի շրջանում, որտեղ և հիմնականում բնակվում են հայերը: Շատերը աշխատավայրում են և տուն չեն կարողանում վերադառնալ, քանի որ ճանապարհները փակ են, մարդիկ խուսափում են դրսում գտնվել:
«Վագները ավելի վաղ հայտարարեց, որ քաղաքի բոլոր ռազմական օբյեկտները, ներառյալ օդանավակայանը, իրենց հսկողության տան են և մենք հիմա չենք հասկանում՝ ինչ է կատարվում: Բայց մի բան հստակ է, որ քաղաքում ահավոր խառն է»,- ասաց նա:
«Ճամփեքը փակ ա, իրանք էլ լիքն են, ուժս…»,- հավելեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ երկար չի կարող խոսել:
Նշենք, որ այս րոպեներին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձով է հանդես գալիս: Նա հայտարարեց, որ իշխանությունը թույլ չի տա հասարակության բաժանում տեղի ունենա և որ պատկան մարմինները հրահանգ են ստացել ոչնչացնել ապստամբություն հրահրողներին:
Ի դեպ, կա տեղեկատվություն, որ Ռոստովում ոչ թե վագներովցիներն են, այլ ՌԴ ՊՆ ստորաբաժանումները: Պաշտոնապես այս տեղեկատվությունը չի հաստատվում:
Պուտինը նաև հայտարարեց, որ Ռոստովում իրավիճակը բարդ է, փաստացի կասեցված է կառավարման մարմինների աշխատանքը, սակայն կայունացմանն ուղղված գործողություններ են ձեռնարկվում: