Այդ նույն վայրկյանին մի զարմանալի կերպարանափոխություն կատարվեց Խրիմյանի հետ. Ամենքը ապշած էին մնացել…

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

1906-ի գարնանը Թիֆլիսում էլ միտք ծագեց հայ-թաթարական հաշտության ցույց կազմակերպելու Թիֆլիսի հայոց Մայր տաճարում՝ Վանքի շրջափակի մեջ: Այդ ցույցը ավելի պատկառազդու դարձնելու համար որոշվեց հատուկ պատվիրակություն ուղարկել Էջմիածին՝ Խրիմյան Հայրիկին Թիֆլիս հրավիրելու:Թաթարների կողմից ցույցին պիտի մասնակցեր Կովկասի մահմեդականների հոգևոր պետը՝ շեյխ ուլ-իսլամը: Թիֆլիսից Էջմիածին մեկնած պատվիրակության մեջ էր և Հովհ. Թումանյանը, որ հետագայում պատմում էր հետևյալը.

«Երբ Էջմիածին հասանք, կաթողիկոսի շուրջը գտնվողները հայտնեցին, թե Հայրիկը հիվանդ պառկած է: Լսելով, սակայն, մեր գալու մասին, Խրիմյանը ցանկություն էր հայտնել տեսնելու մեզ: Հարցրեց, թե ինչու ենք եկել: Բացատրեցի մեր գալու նպատակը և միաժամանակ ավելացրի, թե իր այդ վիճակում իհարկե չենք կարող իրեն Թիֆլիս տանել: Զարմացա, երբ Խրիմյանը հայտարարեց, թե պիտի գա Թիֆլիս:

Երբ դուրս եկա կաթողիկոսի ննջարանից և վեհարանում գտնվողներին հաղորդեցի Խրիմյանի ցանկությունը, ամենքը իրար անցան.
-Ինչպե՞ս կարելի է այս վիճակում տեղից շարժել վեհափառին: Նա մինչև Թիֆլիս հասնի, ճանապարհին կմեռնի:
Խրիմյանը պատվիրեց մեկնելու պատրաստություններ տեսնել: Փակ կառքի մեջ պառկած Էջմիածնից երկաթուղու կայարան փոխադրեցինք:Բարեբախտաբար կաթողիկոսի տրամադրության տակ դրված սալոն-վագոնը հանգիստ ճամփորդության հարմարություններ ուներ: Զգուշություններով հասցրինք Թիֆլիս: Խրիմյանը երեք օր պառկած մնաց առաջնորդարանում, որ գտնվում է Վանքի բակում: Հասավ կիրակին, ցույցի օրը: Առավոտյան ահագին ժողովուրդ, Վանքի բակում հավաքված, սպասում էր Հայրիկին: Մի քանի հոգով մտանք Խրիմյանի ննջարանը:Մնացել էինք շիվար, թե ինչ անենք: Անկողնի մեջ կծկված, փոքրացած այս հիվանդ ծերունուն ինչպես ոտքի հանենք գոնե մի քանի րոպեով ժողովրդին ցույց տալու համար: Գրեթե երկու ժամ անցավ այսպես:
Խրիմյանը պառկած էր աչքերը փակ: Մեկ էլ աչքերը բացեց և հազիվ լսելի ձայնով պահանջեց, որ զգեստները հագցնեն: Զգուշությամբ, կամաց-կամաց հագցրին: Ապա ուրիշների օգնությամբ ոտքի կանգնեց և ձախ ձեռքով եպիսկոպոսներից մեկի թևին, իսկ աջ ձեռքով հայրապետական գավազանին հենված անհաստատ, դողդոջուն քայլերով շարժվեց դեպի առաջնորդարանի մեծ դահլիճ տանող դուռը:

Երբ Խրիմյանը ննջարանից անցավ բոլոր պատուհաններով դեպի Վանքի բակը, դեպի վարը խռնված բազմությանը նայող դահլիճը ու երևաց առաջին պատուհանի առջև, դրսից տեսան կաթողիկոսին:
-Կեցցե՜, կեցցե՜ Հայրիկը, կեցցե՜ հայոց Հայրիկը,- լսվեց բազմահազար ժողովրդի հուժկու աղաղակը:
Այդ նույն վայրկյանին մի զարմանալի, անհավատալի կերպարանափոխություն կատարվեց Խրիմյանի հետ:

Ինչպես ծառս է լինում մարտի շեփորի ձայնը լսող ռազմական նժույգը, այնպես ծառս եղավ հիվանդ, կռացած ծերունին: Մեկեն շտկեց իր կորացած մեջքը, մեկ կողմ հրեց իր կողքից քայլող եպիսկոպոսի թևը և հենված միայն իր գավազանին, մենակ ու հաստատուն քայլերով առաջ անցավ:
Ամենքը ապշած էին մնացել»:
Այսպես էր պատմում Թումանյանը:

Աղբյուր` irates.am