Ինչպես էին հնում որոշում սպասվող երեխայի սեռը․ Մեր նախնիների ծեսերը

Fast Change
Կապ Fast Change Ադմինի հետ

Ծնունդը բոլոր ժամանակներում մարդկային կյանքի կարևորագույն իրադարձությունն է։ Մեր նախնիները երեխայի ծննդի, հղիության ընթացքի հետ կապված բազմաթիվ հետաքրիքր սովորություններ ու ծեսեր ունեին։ Պահպանվել են մեր ազգագրագետների վկայությունները պատմական Հայաստանի տարբեր շրջաններում ծննդի նախապատրաստման, ապագա երեխայի սեռի որոշման, երեխաների բնավորության ու արտաքինը փոխելու հետ կապված սովորությունների վերաբերյալ։ Ներկայացնում ենք հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանի Վասպուրականի ազգագրությունը, մասնավորապես ժողովրդի կենցաղն ու սովորությունները ներկայացնող ուսումնասիրությունից մի հատված՝ կապված հղիության, երեխաների ծննդին առնչվող ավանդույթների ու ծեսերի հետ։
Երվանդ Լալայան
Վասպուրականի ազգագրություն, Ա, Վան, Տոսպ, Հայոց Ձոր

Մարդաբանական համառոտ տեղեկություններ

Հղիության ընթացքում

Յղութեան միջոցին յղի կնոջ ուտելու եւ խմելու վերաբերմամբ ունեցած բոլոր քմահաճոյքները կատարւում են. որպէսզի ծնուելիք երեխայի աչքը ծուռ չլինի։ Պատմում են թէ մի յղի կին իւր ամուսնու հետ ձիով հերանց տանից վերադառնալիս ցեխի մէջ նռան մի հատիկ է տեսնում, իջնում է ձիուց եւ վերցնում, ուտում։ Ամուսինը սաստիկ բարկանալով սրա որկրամոլութեան վրայ, դաշոյնով խփում սրա որովայնը պատռում է եւ ինչ է տեսնում՝ նոյն հատիկը սրա արգանդի երեխայի բերնում։

Ինչպես որոշել երեխայի սեռը

Ցանկանալով որոշել ծնուելիք երեխայի սեռը՝ դիմում են հետեւեալ միջոցների։ա. Յղի կինը իւր վերայի մի ոջիլ բռնում դնում է իւր աջ ձեռի բռան մէջ տեղը եւ վերան բրգաձեւ մի քիչ հող ածում ու դիտում. եթէ ոջիլը բրգի գագաթից դուրս եկաւ՝ ծնուելիք երեխան արու է լինելու, եթէ կողքից՝ աղջիկ։

բ. Հացթուխը մի գունտ խմոր ձգում է թոնիր եւ դիտում, եթէ առանց ճաթելու ուռչում է՝ նշանակու է, որ ծնուելիք երեքան մանչ է լինելու իսկ եթէ ճաթում է՝ աղջիկ։
գ. Եթէ յղի կնոջ պորտը դէպի վեր է ուղղուած՝ ծնուելիք երեխան արու է լինելու, եթէ ներքեւ՝ աղջիկ։
դ. Եթէ յղի կնոջ ծծի պտուկը սեւացած լինի ծնուելիք երեխան մանչ է լինելու, իսկ եթէ սպիտակ՝ աղջիկ։
ե. Եթէ յղի կնոջ նստատեղին լայն լինի՝ մանչ է ունենալու, իսկ եթէ նեղ՝ աղջիկ։

զ. Եթէ յղի կնոջ երեսը պայծառ է, ուրախ՝ մանչ է ունենալու, իսկ եթէ տխուր՝ աղջիկ։
է. Եթէ յղի կնոջ փորը կլոր լինի, մանչ է ունենալու, իսկ եթէ կախ՝ աղջիկ։
ը. Եթէ յղի կնոջ արգանդում երեխան շուտ խաղայ՝ մանչ է լինելու, եթէ ուշ՝ աղջիկ։
թ. Եթէ յղի կնոջ երեխան փորի աջ կողմում նկատուի՝ մանչ է լինելու, եթէ ձախ՝ աղջիկ։
ժ. Եթէ յղի կինը քորոց գտնի՝ մանչ է ունենալու, իսկ եթէ ասեղ՝ աղջիկ։
ժա. Եթէ յղի կինը նստած միջոցին ճկռի նստի, այսինքն ոտներն միմեանցից հեռու դրուած նստի, աղջիկ է ունենալու, իսկ եթէ սոմքուի նստի, այսինքն սովորականի համեմատ, ոտքերը միմեանց մոտ նստի՝ մանչ։
ժբ. Եթէ յղի կինը թեթեւ շարժմունք, արագ, քայլուած եւ ուղիղ դիրք ունենայ՝ մանչ է ունենալու, իսկ եթէ ընդհակառակը ծանրաքայլ, փորը տնկած եւ ետեւի վրայ քայլէ, աղջիկ է ունենալու։
ժգ. Յղի կնոջ ստինքից մի կաթիլ կաթ կթում են մի գւաթ ջրի մէջ, եթէ կաթիլը իջնում է գաւաթի յատակը, ծնուելիք մանչ է լինելու, իսկ եթէ մնում է ջրի երեսին՝ աղջիկ։

ժդ. Երբեմն յղի կնոջ յանկարծակի ասում են. «քա՛ ձեռներդ ինչի՞ այդ չափ աղտոտ են» եւ դիտում, եթէ նա իւր ձեռների երեսների վրայ նախ նայէ՝ մանչ է ունենալու, իսկ եթէ բռան՝ աղջիկ։
ժե. Վանում գաւռագիտուններն այսպէս էլ են գուշակում ծնուելիք երեխայի սեռը. գումարում են հօրն ու մօր անունների եւ սաղմնաւորութեան տարուայ տանուտէրի տառերի թիւը, եթէ սրաց գումարը զոյգ թիւ ներկայացնէ՝ ծնուելիք երեխան աղջիկ կը լինի, իսկ եթէ կենտ՝ մանչ։ Օր. Աննա եւ Բագրատ 4+6, իսկ այս, 1910 տարուայ տանուտէրի (Այծեղջիւր) թիւը 9, ուրեմն, 4+6+9=19. հետեւապէս եւ ծնուելիք երեխան լինում է մանչ։

Ընդհանրապէս տիրում է նաեւ այն կարծիքը, որ եթէ ամուսինը կնոջից առոյգ է, գեր եւ փոքր ինչ հասակով, սրանց զաւակներն առաւելապէս արու են լինում, հակառակ դէպքում՝ աղջիկ։Ծնուելիք երեխային որոշ առանձնայատկութիւններ տալու յուսով յղի կանայք դիմում են հետեւեալ միջոցների.

ա. Ձու են գողանում, եփում եւ տանում փողոցում ծածուկ ուտում եւ դնելով մատը իրենց այտերի վրայ ասում. «Էսա տեղանք պուճ կուզեմ» որպէսզի ծնուելիք երեխան ծիծաղելիս այտերի վրայ փոսիկներ գոյանան։
բ. Գնում են Վանայ լճից ջուր խմում, որպէս զի ծնուելիք երեխայի աչքերը կապտագոյն եւ մազերը խարտաշ լինին։
գ. Ուխտատեղիներում սրբի գերեզմանի հողից ձգում են իրենց բերանը ասելով. «Էթայ ըլի ծծի տակ, չէթայ էլի էրեսի վրայ», որպէս զի ծծի վրայ ծին, (խալ, սեւ բիծ ) գոյանայ։
դ. Հաւատալով, որ երեխան արգանդում եղած միջոցին, ում դէմն որ խաղայ, այսինքն նրա առաջին անգամ շարժուելիս ո՛վ որ նրա մօր մօտ լինի՝ նրա բնաւորութիւնը կստանայ, աշխատում են լաւ մարդկանցով իրենց շրջապատել։

Աղբյուրը՝ Ազգագրական հանդես, թիվ 20, 1910