Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը հինգ Տաղավար տոներից առաջինն է: Տաղավար տոներ կոչվում են Հայ Առաքելական եկեղեու հինգ Տերունի տոները, որոնք ուեն պահք, նավակատիք, մեռելոց և տևում են մի քանի օր: Հայ Առաքելական եկեղեցին այն նշում է հունվարի 6-ին: Տոները կոչվել են Տաղավար, քանի որ այդ օրերին հրեաներն ապրել են վրաններում` տաղավարներում:
Տոնը նվիրված է Աստծո Որդու` Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Մկրտությանը: Քրիստոսի Ծննդյան տոնակատարության առաջին հիշատակությունները սկսվում են դեռևս III դարում: Ողջ Արևելքում, Ասորիքում տոնը մշտապես փոփողության է ենթարկվել, և միայն Հայ Եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթներին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել հունվարի 6-ին:
Այն օրացուցային տարվա 1-ին տոնն է, որը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի պատարագով, որին նախորդում է յոթօրյա պահքի և ապաշխարության շրջանը: Սուրբ Պատարագի ընթացքում հնչում է ավետիսը` «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»: Պատարագից հետո պահքը լուծվում է, և սկսվում ուտիքի ու տոնակատարության շրջանը, որը տևում է մինչև հունվարի 13-ը: Այս օրերին աշխարհի քրիստոնյաները միմյանց ողջունում են «Քրիստոս ծնավ և հայտնեցավ» ավետիսով, որի պատասխանն է` «Ձեզ և մեզ մեծ ավետիս»:
Ջրօրհնեքը նվիրված է Տիրոջ մկրտությանն ու ջրի սրբագործման մեծ խորհրդին, որին հաջորդում է մեռելոցի հիշատակության օրը (բոլոր տաղավար տոների հաջորդ օրը): Այս օրը, Սուրբ Պատարագից հետո հավատացյալներն այցելում են հարազատների շիրիմներ:
Տոնակատարությունների ավարտը դրվում է հունվարի 13-ին` Քրիստոսի Անվանակոչության տոնակատարությամբ: Այն նվիրված է 7 օրական Հիսուսին տաճար տանելու, 8-րդ օրը թլպատելու և Հիսուս անունը շնորհելու հիշատակին: